ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ֆոնին խոշոր նավթային վաճառողները կանխատեսում են, որ 2014 թվականից հետո  առաջին անգամ նավթի գները մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր կլինեն,  հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:

Նման սցենարի հնարավորության մասին զգուշացնում են Mercuria Energy Group Ltd-ի համահիմնադիր Դենիել Ջեգին եւ Trafigura Group-ի համաղեկավար Բեն Լոքոքը: Ընդ որում Ջեգին արդեն 4-րդ եռամսյակում իրատեսական է համարում նավթի գների բարձրացումը  մինչեւ 100 դոլար:

«Շուկայում չկա առաջարկ, որ կարող է փոխհատուցել 4-րդ եռամսյակում օրական 2 մլն բարելի անհետացումը », — ասել է նա՝ ելույթ ունենալով Սինգապուրում APPEC-ի համաժողովին (S&P Global Platts Asia Pacific Petroleum Conference):

 «Իմ կարծիքով սա վկայում է մեկ բարելի դիմաց մինչեւ 100 դոլար գների աճի մասին», — հավելել է Ջեգին:

Trafigura Group-ից Լոքոքն իր հերթին մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր գին է կանխատեսում 2019-ի սկզբին:

Փորձագետը նշում է, որ Իրանից նավթի մատակարարումների հետ միաժամանակ կրճատվում են նաեւ Վենեսուելայից նավթի մատակարարումները:

Citigroup Inc.-ի վերլուծաբանները նույնպես հավանական են համարում նավթի գների բարձրացումը: Նրանք նշում են, որ այս սցենարը հնարավոր է, «եթե շուկայական բոլոր պոտենցիալ ռիսկերը իրականացվեն»:

100 դոլար նիշի գերազանցումը կնշանակի նավթի գների վերադարձ 2014 թվականի մակարդակին: Bloomberg-ը նաեւ նշում է, որ դա կհանգեցնի խոշոր նավթային ընկերությունների ներդրումային գրավչության աճին:

Վերջին անգամ  Brent նավթի մեկ բարելի գինը  100 դոլարը գերազանցել էր 2014 թվականի  սեպտեմբերի 9-ին: