Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ետ է վերադարձել 90-ականներ։ Սեպտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այսպես, փորձագետի խոսքով, ժողովրդավարական հասարակություններում եւ ժողովրդավարական արժեքներով երկրներում ընտրությունների ժամանակ ձայների տոկոսային հարաբերակցության այսպիսի զգալի տարբերություն չի հանդիպում։ Սա, ինչպես նկատել է Իսկանդարյանը, պրոտո–ժողովրդավարական երկրների սպեցիֆիկան է։

«Իմ կարծիքով՝ իզուր չէ, որ ընտրություններին գնաց «Իմ քայլը», ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այս կուսակցությունը փաստացի ստվերում պահեցին։ Սրանք, կարելի է ասել, երկրի առաջին դեմքի ընտրություններ էին, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Կարելի է ասել նաեւ, որ սա գործող իշխանությունների էյֆորիայի եւ լայն աջակցությոա արդյունքն էր։

Միաժամանակ, փորձագետը նկատեց, որ եթե Հայկ Մարությանի տեղը ցանկացած մեկը լիներ, կունենայինք նույն արդյունքը: Այսպիսով, Իսկանդարյանը կարծում է, որ ընտրություններն առաջ տարավ ոչ այնքան կուսակցությունը, որքան Փաշինյանի անձը։  Սա ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգով երկրում զարգացած քաղաքական ուժեր չկան։

«Այս իրավիճակը ստեղծվել էր 90-ականներին, երբ քաղաքական համակարգը ընդհանուր առմամբ պետք է սկզբից նորից ստեղծվի, եթե իհարկե կրկին ստեղծվի»,–եզրափակել է քաղաքագետը։