Երեւանի ավագանու ընտրություններում սպասվում էին գրեթե այսպիսի արդյունքներ, եւ նույնիսկ մի փոքր բարձր: Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետի կարծիքով՝ սպասելի էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է մի փոքր ավելի շատ ձայներ ստանար, սակայն տարբերությունն, ընդհանուր առմամբ, աննշան է:

«Ես «Իմ քայլը» դաշինքի հնարավորությունները գնահատել էի 75-80 տոկոսի միջեւ: Այսինքն՝ ոչ այդքան բարձր: Սա կարող է այն բանի արդյունքը լինել, ինչը տեղի ունեցավ վերջին օրերին: Նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստանում» խուզարկությունները եւ այդ խուզարկությունների հետ կապված հայտարարությունները»,- պարզաբանեց Իսկանդարյանը:

Իսկ ընդհանուր առմամբ, փորձագետը ընտրությունների արդյունքները կանխատեսելի անվանեց՝ նշելով, որ դրանք ցուցադրեցին երկրի գործող իշխանությունների շատ բարձր լեգիտիմությունը:

«Սա ոչ թե քաղաքապետի ինչ-որ ընտրություն էր: Սա վստահության հերթական քվե էր: Կոպիտ ասած՝ սա Հայաստանում գործադիրի իշխանափոխությունից հետո առաջին ընտրություններն էին: Եվ երեւանցիներն այս ընտրություններում նվազագույնը հաստատեցին գործադիր իշխանության չափազանց բարձր վարկանիշը»,- նշեց քաղաքագետը:

Միաժամանակ, խոսելով ընտրողների պասիվ մասնակցության մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ համայնքային ընտրությունների ժամանակ, որպես կանոն, մասնակցությունը բարձր չի լինում՝ հիշեցնելով, որ անցյալ տարի այն դրանից էլ ցածր էր:

Քաղաքագետը շեշտեց, որ այս ընտրությունները ոչ այնքան քաղաքային էին, որքան քաղաքական, քանի որ նույնիսկ հռետորաբանությունն էր համապատասխանում նրան, ինչը սովորաբար առկա է քաղաքական արշավներ անցկացնելիս:

«Ցածր մասնակցությունը շատ հեշտ է բացատրել, քանի որ դա, այսպես ասած, «հաղթողի նզովքն» է: Այսինքն՝ այս ընտրությունները պարզապես մրցակցային չէին»,- պարզաբանեց Կովկաս ինստիտուտի տնօրենը:

Փորձագետը ուշադրություն դարձրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքական ռեսուրսի օգտագործման մասին չի կարելի խոսել, քանի որ մարդկանց չեն բերել ընտրական տեղամասեր, ինչպես եղել է նախկինում, եւ նրանց նախընտրական կաշառքներ չեն առաջարկել:

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած ձայների փոքր տոկոսի մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանի» ավանդական ընտրազանգվածը, որպես կանոն, Երեւանում չի գտնվում, այլ գյուղական բնակավայրերում, ինչը եւ դարձավ գործարար Գագիկ Ծառուկյանի կուսակցության անհաջողության պատճառը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 23-ին, անցկացված Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294 109 ձայն կամ 81.05 տոկոսը՝ հաղթելով ընտրություններում: Երկրորդ տեղում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս (25219): Երրորդ տեղում է «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս (18112): Ընտրություններին մասնակցել են 12 կուսակցություններ եւ դաշինքներ: