Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:

Շնորհվորանքում ասվում է.

«Սիրելի երեւանցիներ,

թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին եւ դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Շնորհավորում եմ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ «Լույս» դաշինքին` Երեւան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: