ՀՅԴ–ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 23–ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։   

Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։

Ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած Երևանը իրականություն դարձնելու գործին։

Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է, և այս առումով ուզում ենք հույս հայտնել, որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: