Հիմա շատ է քննարկվում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը, որը կազմում է 43 տոկոսը. շատերն ասում են՝ տեսեք, երեւանցիների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին, եւ դրանից անում են քաղաքական հետեւություններ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ փաստարկները մեղմ ասած ծիծաղելի են. «Նախ, Երեւանի ավագանու նախորդ տարի կայացած ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ մարդիկ գազելներով, վարչական լծակներով, ընտրակաշառքով, ըստ էության, հարկադրաբար բերման են ենթարկվել ընտրատեղամաս: Երկրորդ, դուք գիտեք, որ մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում իրական պատկերը, որ գոյություն ունի, որովհետեւ մեր շատ հայրենակիցներ, որոնք նույնիսկ 20-25 տարի առաջ հեռացել են ՀՀ-ից, նրանք շարունակում են ընդգրկված լինել ընտրացուցակներում, թեեւ Հայաստանում չեն:

Երրորդ, ընտրակաշառքային ընտրություններում անկողնային, տարիքով մարդկանց նվաստացուցիչ պայմաններում ներկայացնում են ընտրական տեղամասեր քվեարկելու:

Իսկ այս անգամ որեւէ մեկը պարտադրված չի եղել գնալ տեղամասեր ու քվեարկել: Այս ընտրությունների արդյունքը եւ քաղաքացիների տված մանդատը որեւէ կասկածի չի կարող ենթարկել»,-ընդգծեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: