Վերադառնալով Հայաստան ես խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ուժերին կհրավիրեմ խորհրդակցությունների, որպեսզի տեսնենք, թե ինչպես եւ ինչ ժամկետներում ենք հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հստակ ընդգծել, որ քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը: Այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ այս խորհրդարանը չունի գործելու մանդատ, որովհետեւ ԱԺ ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայնդեպս, ոչ այնքան ձայն, որ կարելի լինի բավարար համարել խորհրդարաի գործունեությունն այսպիսի կազմով շարունակելու համար:

Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած ուժերին, որ նրանք ձեւավորեն խորհրդարանական մեծամասնություն, ընտրեն վարչապետ եւ հայաստանյան կյանքը կենտրոնանա սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ»,-ասաց վարչապետը:

Նա բարձր գնահատեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, ով ասել է, որ պատրաստ են այդ թեմայի շուրջ բանակցություններ վարել:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ իրենք պատրաստ են ցանկացած քննարկումների. «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց ինձ թվում է՝ մենք Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրություններ մենք ԸՕ-ը պետք է բարելավենք: Մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը: Պետք է Ընտրական օրենսգիրքը հասցնենք ավարտուն տեսքի»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ հիմքեր, անհրաժեշտություն չեն տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների: