Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան եւ Միացյալ Թագավորությունը գուցե աշխարհի առաջատար զբոսշրջային կենտրոններից են, որոնց թվում Ֆրանսիան տարեկան 86.9մլն միջազգային զբոսաշրջիկներով առաջին հորիզոնականն է գրավում, սակայն այս արդեն իսկ հայտնի երկրներն իրենց ցուցանիշներում միայն որոշակի աճ կարող են գրանցել : Այս մասին Bloomberg-ում գրում է Նիքի Էքշտայնը:

Արդյունքում պակաս հայտնի վայրերը, ինչպիսին է Մոլդովայի Հանրապետությունը, հնարավորություն են ստանում ավելի արագ առաջ անցնելու: ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության 2017 թվականի տվյալներով` Ֆրանսիայում զբոսաշրջությունն աճել է 5.1%-ով, մինչդեռ Մոլդովայում այցելուների թիվն աճել է 19.6%-ով` նախորդ տարի հասնելով 145,000-ի:

Cox & King’s հանրահայտ զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Ուորեն Չանգը ասում է, որ Եվրոպայի այս արագ զարգացող վայրերի մասին խոսելիս հաճախ գործ ունենք դրանց պակաս ճանաչվածության հետ` համեմատած ավելի հայտնի երկրների հետ, մինչդեռ դրանցից շատերն ունեն ակնառու պատմություն եւ իրապես ռոմանտիկ զգացում, որոնց գումարվում են մշակութային բազմազանությունն ու գեղեցիկ բնությունը: Նրա կարծիքով` մյուս առավելությունը մատչելիությունն է:

Հոդվածում ներկայացված են Արեւմտյան Եվրոպայից այն կողմ`դեպի Կենտրոնական Ասիա եւ Միջին Արեւելք, գտնվող այն 10 երկրները, որտեղ զբոսաշրջությունը տարեկան առավելագույն աճ է գրանցում: Դրանց թվում` Բոսնիա եւ Հերցեգովինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Մակեդոնիայի, Իսլանդիայի, Թուրքիայի, Իսրայելի, Վրաստանի եւ Սան Մարինոյի հետ հայտնվել է նաեւ Հայաստանը:

Տարեկան 18.65% աճի ցուցանիշով` Հայաստանը ցուցակում 10-րդն է: 2019 թվականին Չանգը ծրագրում է բացահայտել նաեւ Հայաստանը. իրականում Cox & King's-ը մտադիր է նոր ճամփորդական փաթեթ կազմել` Հայաստանն ու Վրաստանը միավորելով մեկ երթուղու մեջ:  Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային արշավներ կազմակերպողների թվում են  Abercrombie & Kent, Ker & Downey եւ TCS World Travel ընկերությունները, որոնք միասին ուղեւորություններ են ծրագրում դեպի պատմական Արարատ լեռան բարձունքները (, գեղեցիկ մայրաքաղաք Երեւանը, ինչպես նաեւ անդրադառնում են հայերի ամենահայտնի պատմական հետնորդներին` Քարդաշյաններին:

Նշվում է, որ Abercrombie & Kent-ի կազմակերպած շրջագայության ընթացքում այցելուները նաեւ հնարավորություն են ստանում ծանոթանալու տեղի ավանդույթներին, ինչպես օրինակ` կոնյակի գործարան այցելելն է, գորգագործներին հանդիպելը, հնամենի տաճարներում հոգեւոր տաղեր լսելը եւ հայկական ընտանիքում լավաշ թխել սովորելը: