Երեւանում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում Արթուր Նազարյանի սպանության գործով ամբաստանյալ Կարեն Շահինյանի պատժաչափը չփոփոխվեց. նա 13 տարի կանցկացնի կալանավայրում։

NEWS.am–ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրողի, տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքները։

«Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը` Կարեն Գագիկի Շահինյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, թողնել օրինական ուժի մեջ»,– ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը 2017թ.-ի դեկտեմբերին ամբաստանյալ Կարեն Շահինյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել էր եւ նրան դատապարտել 13 տարվա ազատազրկման: Մինչդեռ մեղադրողը 18 տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ տուժող կողմը՝ ցմահ ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:

Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել 2016թ. սեպտեմբերին: