Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։

Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել եւ առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։ Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես եւ այլ զինամթերք։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։