Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող՝ «Երևանցիներ» դաշինքը շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին համոզիչ հաղթանակի համար։  «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը շնորհավորանքը տարածել է դաշինքի եւ իր անունից։

«Սիրելի համաքաղաքացիներ

«Երևանցիներ» դաշինքի եւ իմ անունից  շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ եւ արդար ընտրություններում արժանի եւ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ եւև շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք է ընդունենք ժողովրդի պատգամը եւ համատեղ ուժերով ամրագրենք նոր Հայաստանի արժեհամակարգը:

Մենք շնորհավորում ենք նաև ընտրությունների արդյունքներով  եւ օրենքի ուժով ընտրված անկախ Հայաստանի մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին, մաղթում ենք նրան ուժ, կամք, իմաստություն Երևանը ղեկավարելու դժվար գործում: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը օգնել նոր քաղաքային իշխանություններին արդարացնել երևանցիների սպասումները: Երևանի զարգացմանը միտված յուրաքանչյուր քայլ կուղեկցվի մեր օժանդակությամբ, իսկ թերություններն ու բացթողումները կենթարկենք փաստարկված քննադատության:

Ուրեմն, ի գործ հանուն Երևանի եւ երևանցիների»,–նշվում է շնորհավորանքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ի ընտրությունների նախնական տվյալներով, Քաղաքապետարան են մտնում  3 քաղաքական ուժ.  «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների  81,06 տոկոսը, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոսը, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոսը: