Սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն կարելի է կայացած համարել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները: Ամենաշատը՝ 294.109 քաղաքացի, քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, ամենաքիչ ձայները ստացել է «Հայկազուններ» կուսակցությունը. այս ուժի օգտին քվեարկել է 692 քաղաքացի կամ 0.19 տոկոսը: Ընտրություններին մասնակցած մյուս 10 քաղաքական ուժերից ամենաշատ թվով ձայներ են ստացել նաև ԲՀԿ-ն՝ 25.219 քաղաքացի կամ ձայների 6.95 տոկոսը, և «Լույս» դաշինքը՝ 18.112 քաղաքացի կամ ձայների 4.99 տոկոսը:

Այսպիսով, ձևավորվելիք Երևանի ավագանին նույնպես, նախորդի նման, կազմված կլինի երեք ուժից: 65 հոգանոց ավագանիում «Իմ քայլը» դաշինքը կունենա 57, ԲՀԿ-ն՝ 5, «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ: Ավագանու ամենաշատ անդամներն ունեցող քաղաքական ուժն էլ հնավորություն կունենա Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. փաստորեն առաջիկա 5 տարիներին մայրաքաղաքը կղեկավարի Հայկ Մարությանը: 

Հատկանշական է, որ ավագանու այս ընտրություններն անցան բավական հանգիստ մթնոլորտում, լուրջ ընտրախախտումներ և կեղծիքներ չարձանագրվեցին: ԿԸՀ-ի կողմից արդյունքների հրապարակումից հետո ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը մեկը մյուսի հետեւից շտապեցին հայտարարել, որ ճանաչում են ընտրությունների արդյունքները: Նրանք նաեւ հաղթանակի կապակցությամբ շնորհավորեցին «Իմ քայլը» դաշինքին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին: Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում խորհրդակցություն հրավիրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ. քննարկելու են խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Վարչապետն այս մասին հայտարարել է Նյու Յորքում՝ Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում երկրում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դրանք, հավանաբար, տեղի կունենան հաջորդ տարվա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Սակայն հիմա վարչապետը նպատակահարմար է գտնում արտահերթ ընտրությունները կազմակերպել մինչեւ այս տարեվերջ: Բացատրել է՝ դա անհրաժեշտ է երկրի տնտեսությունը զարգացնելու համար, իսկ սպասողական այս վիճակը խանգարում է պոտենցիալ ներդրողներին: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն արդեն բանակցելու պատրաստակամություն են հայտնել: ՀՀԿ-ն նույնպես չի հրաժարվի բանակցելուց, սակայն խմբակցության ղեկավարը հավելել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարիք իրենք չեն տեսնում:

Սեպտեմբերի 26-ին Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Սա արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Մնացականյանի երկրորդ հանդիպումը կլինի Մամեդյարովի հետ: Մինչ այդ, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանակցությունների հնարավոր ժամկետների մասին առայժմ ոչինչ չի նշվում:

Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: 20-ամյա Արցախ Հովսեփյանը հրազենային վիրավորում է ստացել սեպտեմբերի 22-ին, Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Հովսեփյանը մահացել է: Հովսեփյանն Արցախի Տիգրանավան գյուղից էր, ընտանիքի կրտսեր զավակն էր. 4 ավագ եղբայր ունի: Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Արցախի նախագահի հրամանագրով Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Եվս մեկ պատահար էլ գրանցվել է սեպտեմբերի 20-ին: Մատաղիսում մարտական հերթապահության ժամանակ ականի պայթյունից վիրավորվել է 20-ամյա զինծառայող Արթուր Գեւորգյանը: Ստեփանակերտի հոսպիտալում երիտասարդի մեկ ոտքն անդամահատել են, այնուհետեւ վիրավորին Երեւան են տեղափոխել: Այստեղ արդեն Արթուր Գեւորգյանի մյուս ոտքը վիրահատել են: Կենտրոնական զինվորական հոսպիտալից տեղեկացնում են, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է: Նշենք, որ 20-ամյա զինծառայողը Վանաձորից է: Այսօր հոսպիտալում նրան այցելել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արթուր Վանեցյանը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահն է: ԱԱԾ տնօրենի օգտին շաբաթ կայացած գործադիր կոմիտեի արտահերթ նիստում քվեարկել են բոլոր պատվիրակները: Արթուր Վանեցյանն այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Նա խոստացել է փակել Ֆեդերացիայի եւ ակումբների միջեւ թշնամանքի էջը, չմիջամտել Ազգային հավաքականի կազմի ձեւավորմանը, նաեւ իջեցնել Ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գինը: Ի դեպ՝ Ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը նիստին չի մասնակցել: Հայրապետյանը կազմակերպությունը ղեկավարում էր 16 տարի:

Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ընդունել է այն: Մինասյանը հրաժարական է ներկայացրել նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից: Ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահի համար Մինասյանի հրաժարականն անսպասելի է եղել: Փորձելու են արագորեն լուծել նոր գլխավոր մարզչի հարցը: Մի քանի թեկնածուներ արդեն կան, ընդ որում՝ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ արտերկրից: Սակայն Արթուր Վանեցյանն առայժմ չի ցանկանում անուններ նշել:

Սեպտեմբերի 24-ին դոլարն էժանացել է, եվրոն՝ ավելի քան 3 դրամով թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 7 դրամ 31 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Սեպտեմբերի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն: