Եթե ՄԱԿ-ը ինդեքսային ֆոնդ լիներ, ապա այժմ այն փակելու ժամանակը կլիներ: Այս մասին գրում է Bloomberg Opinion-ի խմբագիր Ջեյմս Գիբնին:

Հեղինակը նշում է, որ 1945 թվականին հիմնադրվելով որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության երաշխիք՝ վերջին տարիներին ՄԱԿ-ը հիմնականում անզոր է եղել Սիրիայում, Եմենում եւ Մյանմարում արյունահեղությունը դադարեցնելու գործում: Սառը պատերազմից ի վեր քաղաքացիական հակամարտություններն այժմ ամենալարվածն են, իսկ տեղահանված մարդկանց թիվը նոր ցուցանիշներ է գրանցում: Անվտանգության խորհրդում ճգնաժամն ավելի է բարդանում, եւ ՄԱԿ-ի ամենամեծ բաժնետերը դադարեցնում է իր աջակցությունը՝ ճանապարհ հարթելով ակնհայտորեն ոչ ազատական ուժերի համար:

«Մինչդեռ ՄԱԿ-ը դեռեւս չափազանց կարեւոր է, որպեսզի շարքից դուրս բերվի: Կազմակերպության հիմնադրումից ի վեր չափազանց մեծացել են զանգվածային ոչնչացման զենքի տարածման, կլիմայական փոփոխությունների եւ այլնի ծավալները, որոնց դեմ որեւէ առանձին պետություն չի կարող միայնակ պայքարել... Այս տարվա Գլխավոր վեհաժողովի նիստում հավաքվածների առջեւ դրված է բավական պարտավորեցնող, միեւնույն ժամանակ, սարսափեցնող խնդիր. ազգայնամոլության եւ աշխարհաքաղաքական լարվածության այս օրերում ՄԱԿ-ը ծառայեցնել իր նպատակին»,- գրում է հեղինակը:

Այսօր, ըստ Գիբնիի, քաղաքական մրցակցության բռնկումը սպառնում է ժամանակը հետ շրջել. անցյալ տարի Անվտանգության խորհուրդն ականատես եղավ 1989 թվականից ի վեր ամենաշատ վետոներին, որոնց մեծ մասը Սիրիային էին վերաբերում: Դրանից առաջ Խորհրդի բարօրությանը վնասել էին Լիբիայում Քադաֆիի տապալման միջամտության շուրջ տարաձայնությունները եւ Ղրիմի բռնակցման հարցը: Չինաստանն էլ, որպես ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության եւ ֆինանսավորման գլխավոր պատասխանատուներից մեկը, իր հերթին է ցանկանում տարածել սեփական ազդեցությունը:

Գիբնիի կարծիքով՝ Թրամփի վարչակազմն այս իրավիճակում ամենամեծ խնդիրն է. 2016 թվականին, մինչեւ իր պաշտոնավարմանն անցնելը, նա լրագրողներին ասել էր, որ ՄԱԿ-ը միայն խնդիրներ է առաջացնում, եւ ոչ թե դրանց լուծում տալիս:

Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի աջակցությունը ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամին եւ դուրս եկել Կլիմայական փոփոխությունների փարիզյան համաձայնագրից, ՄԱԿ-ի գլխավորած Միգրացիայի համաշխարհային խմբից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Նա նաեւ դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից, որն ընդունվում էր Անվտանգության խորհրդի անդամների կողմից, եւ որի կատարմանը հետեւում էին ՄԱԿ-ի գործակալությունները:

Խմբագրականում նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ն տրամաբանորեն դժգոհության առիթ ունի եւ ճիշտ է վարվում՝ հաշիվ պահանջելով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն պարտադիր եւ կամավոր 10 մլրդ դոլար է տրամադրում ՄԱԿ-ի գործակալություններին, մինչդեռ աշխարհի ամենաաղքատ երկրներից շուրջ 30-ը տարեկան 25.000 դոլար են վճարում, ինչը գրեթե ոմանց նախագահական պահակապետային մեքենաների վարձն է կազմում:

Նշվում է նաեւ, որ անհերքելի է այն փաստը, որ ՄԱԿ-ում տիրում է կոռուպցիայի եւ թերի կառավարման միջավայր: Դրա մարմինները հաճախ ավելի շատ վիճում են Իսրայելի երեւակայական կամ իրական հանցանքների շուրջ, քան թե իրական հանցագործների արարքներն են բացահայտում: Սրա լուծումն արդյունավետ մասնակցությունն է: Այն միտքը, որ Անվտանգության խորհրդից դուրս գալով՝ ԱՄՆ-ն հերքում է նրա իրավականությունը, անիմաստ է: Մարդու իրավունքներն ու քաղաքական ազատությունը պաշտպանողների համար այժմ պարտվելու ժամանակը չէ:

Գիբնին կարծում է, որ ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ամենավատ մղձավանջը կլինի: Նա իր գործունեության ընթացքում հիմնականում փորձել է զերծ մնալ ՄԱԿ-ի ջատագովների եւ քննադատների, ինչպես նաեւ Թրամփի հայտարարությունների հակասություններից: Իր նախորդների համեմատ՝ Գուտերեշի առաջարկած ՄԱԿ-ի բարեփոխումներն առավել համարձակ են եւ, մեծ հաշվով, համընկնում են ԱՄՆ-ի առաջնահերթություններին:

Սակայն, հեղինակի համոզմամբ, Գուտերեշի նման տրամադրվածությունը հազիվ թե հսկողության տակ պահի Թրամփի կռվարար բնազդները, եւ նա, կարծես, հասկանում է դա: Գուտերեշի վերջին առաջարկը, որով այդ մղումները փորձում էր զսպել, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հեռանալը տեղ է ազատում, որը Չինաստանը կձգտի լրացնել:

Գիբնին նշում է, որ չնայած առաջին հայացքից կարող է թվալ, որ Չինաստանի առաջխաղացումն այնքան էլ բացասական չէ՝ հաշվի առնելով նրա աճող ներգրավվածությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը եւ մեծաթիվ զորքեր տրամադրելը, սակայն, միեւնույն ժամանակ, Չինաստանը կարող է ստիպել ՄԱԿ-ին նվազեցնել մարդու իրավունքների դիտորդների թիվը խաղաղապահ առաքելություններում: Իսկ ՄԱԿ-ն այս պահին անազատական շարժիչ ուժի կարիքն ամենաքիչն ունի, երբ Ռուսաստանում, Չինաստանում եւ նույնիսկ Եվրամիությունում անազատականությունը մեծ սպառնալիք է: Որպեսզի Գուտերեշը կարողանա նման ուժերը վերահսկողության տակ պահել, ապա պետք է ամեն ինչ անի ԱՄՆ-ի ներգրավվածությունը պահելու համար:

«Գուտերեշը պետք է ավելի ակնառու ջանքեր գործադրի հատկապես ՄԱԿ-ի գլխավոր շտաբում բյուրոկրատիան նվազեցնելու ուղղությամբ»,- գրում է Գիբնին: Նրա խոսքով՝ պետք է նոր բանաձեւ մշակվի, որով ՄԱԿ-ի առավել անապահով անդամների ներգրավվածությունն ու ներդրումներն ավելի ակներեւ կդառնան ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման մեջ: Նաեւ լավ է, որ Թրամփի դիքորոշումը քչերն են ողջունում. Արեւմուտքի մյուս երկրները հիմնականում մեծացնում են իրենց դերն ու աջակցությունը ՄԱԿ-ի գործունեությունում: