Տոկիոյի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որն առնվազն 4 տարի առաջ իր մահացած նորածին երեխային թաքցրել է երկաթուղային կայարանի պահախցիկում եւ կանոնավոր վճարել է վարձակալության համար, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին։

Նշվում է, որ 49-ամյա գործազուրկ Էմի Սուսակին ինքն է եկել ոստիկանության բաժին եւ պատմել է, որ մոտ 4-5 տարի առաջ տանը երեխա է ունեցել, բայց քանի որ կյանքի նշաններ ցույց չի տվել, կինը որոշել է թաքցնել նրան Տոկիոյի Տայտո շրջանի Ուգուիսուդանի կայարանի պահախցիկնեորից մեկում։ Հիմնվելով նրա ցուցմունքների վրա՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կայարանի պահախցիկում ստուգում են իրականացրել եւ հայտնաբերել են տոպրակի մեջ փաթաթված դին։

Այժմ ոստիկանությունը հարցաքննում է կնոջը եւ պարզում է դեպքի մանրամասները։

Ճապոնիայում բոլոր կայարանների կողքին բազմաթիվ պահախցիկներ են տեղակայված, որոնք գործում են ինքնասպասարկման սկզբունքով, իսկ օրական վարձակալության գինը տատանվում է 2-5 դոլարի միջեւ։