Սեպտեմբերի 21-ին «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը հյուրընկալվել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքում, որի շրջանակներում նախատեսված միջոցառումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 13-ը:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էքս-ան-Պրովանս քաղաքում փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, սենատոր Սոֆի Ժուասենը, նախկին քաղաքապետ Ալեն Ժուասենը, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների եւ գծանկարների ցուցահանդեսներ, Արցախի մասին դասախոսություններ եւ վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։

Էքս-ան-Պրովանսում միջոցառումներով եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը, որի մեկնարկը տրվել է 2017 թ. նոյեմբերի 21-ին Վիլյորբան քաղաքում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։ Մոտ մեկ տարի տեւած փառատոնը հյուրընկալվել է Արցախի քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի 11 քաղաքներում, որի շնորհիվ փառատոնի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Արցախի պատմությանը, նրա ժողովրդի առօրյային եւ հարուստ մշակութային ժառանգությանը։