Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) սեպտեմբերի 24-ին, ներկա է գտնվել «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ իր կարճ ելույթում Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասել է.

«Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները եւ հավատքը։ Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր ազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքի Մետրոպելիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։

Բացման խոսքից հետո Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքն է փոխանցել Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան: