«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է՝ կուսակցությունը լքած շատ  գործիչներ հենց «Ժառանգություն»–ում դարձան աստղեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը, սակայն դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյոք Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» ցուցանիշն այլ կլիներ, եթե նրանք այժմ էլ կուսակցության անդամ լինեին։

Հիշեցնենք՝ «Ժառանգություն»–ը ավագանու ընտրություններին հավաքել է 0.75 տոկոս։

«Դժվար է ասել, թե եթե մեր անվանի գործիչները, որոնք որոշեցին գնալ, մնացած լինեին՝ ինչ արդյունքներ կլինեին, որովհետեւ իրենց շնորհքների համար հրավիրվեցին «Ժառանգություն», իրենք դարձան քաղաքացի եւ գործիչ իրենց շնորհքով, բայց նաեւ հենց «Ժառանգությունում» էին, որ իրենք դարձան, այսպես ասած, աստղեր:

«Ժառանգությունն» այն տեղն է, որ կարող են աստղեր լինել, բայց իմ օրինակով եւ իմ առաջարկով ավելի կարեւոր է համաստեղությունը, քան թե աստղը»,–նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Կուսակցության հիմնադիրը, սակայն, «Ժառանգությունից» հեռանալը ամենաճիշտ լուծումը չի համարում այդ քայլին դիմած գործիչների համար. «Ցավում եմ, իհարկե, որ բարեկամ գործիչները՝ նրանք, ովքեր նվիրվել են, կոփվել են «Ժառանգության» դարբնոցում, որոշել են տարբեր ժամանակահատվածներում շարունակել իրենց գործունեությունը: Ես համարում եմ, որ դրանք ճշգրիտ քայլեր չէին, բայց լրիվ իրենց իրավունքի մեջ էին, եւ ինչպես տեսաք, քանի տարի անց այս ընտրությունները փաստարկեցին, որ դա միգուցե ամենաճիշտ լուծումը չէր ոչ մեկի համար»:

Նա հույս հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների փորձառությունը թույլ կտա այլոց վերանեյլու իրենց մոտեցումը. «Ովքեր նախկինում խոսել են առանձին գնալու հրամայականի մասին, ոչ մեկի հետ չհամագործակցելու, հիմա կարծես սեփական հետագիծը վերանայում են եւ ասում են, որ այո՛, համապետական, համազգային խնդիրների լուծման համար պետք է համագործակցել եւ ճշմարտության մենաշնորհը ոչ մեկին չի պատկանում»

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ կառավարությունն մեծ վերելք ապահովեց, սակայն այժմ իշխանություններին իմաստություն է պետք, կուսակցության հաջողությամբ չհրճվելու զսպվածություն է պետք։ Նա երկրում միակուսակցական համակարգի ստեղծման վտանգ չի տեսնում, բայց ունի մտահոգություն, որ որոշ ուժեր ուզում են տանել իշխող ուժին այդ ուղղությամբ։