Ես չգիտեմ՝ այս պահին կա անհրաժեշտություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՝ ոչ, քանի որ այդ թեմայով քննարկումներ չենք ունցել։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը։

«Ուղղակի ինչ–որ էմոցիաներից ելնելով, իրավիճակներ գնահատելով, ձայների բաշխում եւ այլն, որ Ազգային ժողովը որեւիցե կերպ խոչընդոտում է այս երկրի բնականոն ընթացքին, ես այդպես չեմ համարում»,– ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը, որ խորհրդարանի եւ հասարակության տրամադրություններն այդ հարցի շուրջ տարբեր են եւ չեն համընկնում, Սարգսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչու չեն համապատասխանում։ Ես չեմ տեսնում մի քայլ, որ այսօր անում է ԱԺ , որ ձախողի երկրում ինչ–որ բան։  Ես այդպիսի տենդենց չեմ տեսնում։ Բոլոր հարցերը քննարկում ենք, նորմալ օբյեկտիվ ներկայացնում ենք , ես չգիտեմ ինչի մասին է խոսքը»։

Հարցին, որ հանրությունն է պահանջում փոփոխություններ խորհրդարանում, եւ ինչպես է նա այդ հանգամանքը գնահատում, Սարգյսանն ասա. «Հիմա նայենք հանրությունն ինչ կարող է պահանջել, եւ խորհրդարանում ովքեր կարող են հայտնվել միանգամից։ 80–90 տոկոսանոց Ազգային ժողով եք ուզո՞ւմ, որ ընդդիմություն էլ չունենա։ Այսինքն մենք պետք է արհեստական ընդդիադիր ուժեր ստեղծե՞նք, որ 30% ապահովենք։ Ինչ որ դրածո մարդիկ, ովքեր կանդես կգան որպես ընդդիմություն, ԱԺ–ում նստեն մի անկյունում, դա՞ եք ուզում։ Հիմա ընդդիմություն էլ կա, իշխանություն էլ կա, նորմալ աշխատում ենք, ինչո՞վ ենք խանգարում»։

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա, Սարգսյանի գնահատմամբ, դրանք արդար էին եւ թափանցիկ. «Որեւէ ընտրախախտում չի գրանցվել։ Քննադատական որեւէ բան չունեմ ասելու այս ընտրությունների մասին»։