Ադրբեջանում հայատյացությունը կրում է համակարգային բնույթ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը ներկայացնելիս նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Օմբուդսմենը հայտնեց, որ զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են բաց աղբյուրներից, լրատվամիջոցներից վերցված փաստերը։ Այս առնչությամբ նա նշեց, որ շատ ադրբեջանական ռեսուրսների մուտքը հայաստանյան օգտատերերի համար փակ է։

Զեկույցը 3 ուղերձ է պարունակում։ Առաջինը՝ հայ հանրությունը, որքան էլ զարմանալի թվա, ամբողջությամբ ծանոթ չէ Ադրբեջանում հայատյացության մակարդակին։ «Երբեմն մոռանում ենք, որ դա կազմակերպված բնույթ է կրում։ Սակայն, կազմակերպված ատելությունը զուտ ատելության մակարդակում չի մնում եւ շատ ծանր հետեւանքներ է ունենում։ Անձամբ ինձ շատ զարմացրել է ատելության նման դրսեւորումները»։  

Երկրորդ ուղերձը միջազգային հանրությանն է հասցեագրված. «Մենք պետք է միջազգային հանրության իրենց համար հնարավորինս հասկանալի լեզվով հրամցնենք այդ օբյեկտիվ տեղեկատվությունը, որ առկա է։ Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կնպաստեն զեկույցի տարածմանը միջազգային իրավապաշտպան հանրության շրջանակներում»։  

Երրորդ ուղերձն ուղղված է հայաստանյան ու արցախյան հանրությանը. «Այս փաստերը տեսնելով՝ մենք պետք է հասկանանք, որ դա սկզբունքային սխալ է, որը մենք պետք է թույլ չտանք նմանվել Ադրբեջանին։ Դա անընդունելի է։ Չի կարելի թունավորվել ատելությամբ»։

Զեկույցի պատրաստմանը մասնակցել են Անժելա Էլիբեգովան, Եղիշե Կիրակոսյանը, Լեւոն Գեւորգյանը։ Զեկույցը պատրաստվել է «Թուֆենկյան» հիմնադրամի աջակցությամբ։

Նրա խոսքով՝ զեկույցը հիմնականում հասցեագրված է միջազգային հանրությանը, քանի որ այն անգլերենով է։ Կթարգմանվի արդյոք այլ լեզուներով, դեռ հայտնի չէ։ Սակայն, Մելիքյանի խոսքով, կարեւոր կլիներ այն թարգմանել նաեւ ռուսերեն։