Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ է հանձնել ՊՊԾ գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը՝ Արփինե Թումասյան-Տեփանոսյանին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգի տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 25-ին ստացել են անձամբ ոստիկանության պետից։

Նրանք աչքի են ընկել բարեխիղճ եւ սրտացավ ծառայությամբ։ Վալերի Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։

Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ՝ նրանց շարքում է նաեւ 2016 թվականի հուլիսին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը։

Ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, եւս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, եւ, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու եւ խրախուսվելու են։