Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները կտարբերվեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներից։ Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նա նաեւ նշեց, որ այս կամ այն քաղաքական ուժերի եւ գործընթացների վերաբերյալ Հայաստանի բնակչության կարծիքներն ու մոտեցումները կարող են տարբերվել, եւ ինքը դա պայմանավորում է պոտենցիալ ընտրողների բնակության վայրով։

«Անգամ Երեւանում քաղաքացիների կարծիքները ինչ-որ չափով տարբերվում են միմյանցից։ Ասենք, քաղաքի կենտրոնում ապրողի պատկերացումները կարող են տարբերվել ծայրամասերում ապրողների պատկերացումներից»,- պարզաբանեց Բադալյանը՝ հավելելով, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ընթացքում առաջնահերթ կդառնան այլ գործոններ։