Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի կայանում պայթյուն է եղել: Պատահարի հետեւանքով կայանի աշխատակիցը՝ 40-ամյա Վահրամ Գասպարյանը մահացել է:

Բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը պնդում է, որ թթվածնի կայանը հուլիսին փորձաքննություն է անցել, դրական եզրակացություն է ստացել: Պայթած բալոնը հիվանդանոցի թթվածնային կայանին չի պատկանել: Պայթյունի պատճառի մասին դեռեւս նախնական վարկած կա:

Հավելենք, որ պատահարի հետեւանքով կայանի եւս մեկ աշխատակից դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Նա բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Պայթյունի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ԱՄՆ-ում շարունակվում են: Նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրներից գործընկերների եւ պատվիրակությունների հետ, ելույթ ունեցել ՄԱԿ-ում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Մինչ այս վարչապետը հանդիպել էր նաեւ Ամերիկայի հայ համայնքի եւ հայկական  կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, իսկ ավելի ուշ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանը ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայաստանի երկրորդ նախագահի հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջին: Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսելով անձեռնմխելիության հիմքով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն, Փաշինյանն ասել էր՝ «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Որտե՞ղ է այդպես գրած»:

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել: Փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնել է, որ Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը, նա ծանոթացել է մեղադրանքին, բայց հրաժարվել է ցուցմունք տալ: Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Լեւոն Երանոսյանին նախօրեին Հատուկ քննչական ծառայություն էին հրավիրել, մի քանի ժամ հարցաքննել եւ ազատ արձակել:

Երանոսյանին կասկածում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Փաստաբանի տեղեկացմամբ՝ խոսքն այս տարվա ապրիլի 16-ին եւ 22-ին Բաղրամյան եւ Արցախի պողոտաների իրադարձությունների մասին է: Գործը վերաբերում է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ժամանակ հատուկ միջոցների օգտագործմանը:

16-ամյա թուրք սահմանախախտի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Ումութ Ալի Օզմենն ազատ է արձակվել: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է, Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել: Նշենք, որ 16-ամյա պատանին հայ-թուրքական սահմանը հատել էր հուլիսի 24-ին եւ ձերբակալվել: Ումութ Ալի Օզմենը Կարսի մարզի բնակիչ է: Նրան ազատ արձակելու խնդրանքով Ումութի հայրը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստելով, որ որդին որեւէ վատ արարք կատարելու մտադրություն չի ունեցել եւ չի հասկացել, որ սահմանը հատելով՝ հանցանք է գործում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի համար արդեն հնարավոր թեկնածուների անուններ են նշվում: Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն մոտ է իտալացի Ջանի Դե Բիազին: Ալբանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Երեւանում է, բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նշենք, որ 62-ամյա Դե Բիազին այս տարի աշխատանք չի ունեցել. 2017 թվականին նա հեռացվել է իսպանական «Ալավեսից»: Տարբեր տարիների նա գլխավորել է նաեւ իտալական «Մոդենան», «Բրեշիան», ՍՊԱԼ-ը, «Ուդինեզեն», «Տորինոն», իսպանական «Լեւանտեն»: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել անցյալ շաբաթ:

Սեպտեմբերի 25-ին դոլարի արժեզրկմանը միացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 566, ռուբլունը՝ 7 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Սեպտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում՝ 6-7 աստիճանով: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն: