Աֆղանստանի գյուղերից մեկում տեղի կրոնական առաջնորդները հեքիմ Ռասուլին քարկոծման ճանապարհով մահվան են դատապարտել՝ մի քանի կանանց բռնաբարելու համար: Ընդ որում՝ Ռասուլը զոհերի հետ սեքսը տեսագրել է՝ նրանց շանտաժի ենթարկելու համար:

Ըստ AFP-ի՝ մի քանի տեսանյութեր համացանցում են հայտնվել եւ արագորեն տարածվել, ինչի արդյունքում կրոնական առաջնորդները մահվան վճիռ են կայացրել:

Ռասուլը մեղադրվում է սեռական շահագործման եւ մի քանի կանանց բռնաբարելու մեջ, որոնք նրան դիմել են օգնության խնդրանքով: Հեքիմը փախուստի է դիմել: Սակայն տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ բռնաբարության զոհ դարձած կանայք նույնպես կարող են սպանվել՝ պատվի նկատառումներով:

Աֆղանստանում դեռեւս տարածված են, այսպես կոչված, պատվի համար սպանությունները: Մի քանի օր առաջ գյուղից ոչ հեռու կնոջ մարմին են գտել, սակայն նրա ինքնությունը դեռեւս չի պարզվել: