Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ իր քաղաքական թիմի համար, այլեւ հանրության պահանջն է դա։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս պետք է ՔՊ–ն պահպանի ԲՀԿ–ի աջակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, եթե ավագանու ընտրություններում ԲՀԿ–ն այդքան քիչ քվե հավաքեց։

«Եթե քաղաքական ուժի նպատակը ոչ թե Խորհրդարանում աթոռներ ունենալն է, այլ հանրությանը ծառայելը, պետք է գիտակցի, որ կա քաղաքական ճգնաժամ։ Մենք տեսանք արդյունքը ավագանու ընտրությունների, հեղափոխական ուժը, որը ավագանու ընտրություններում ստացավ 82 տոկոս ձայն՝ 65 մանդատից 57–ը, խորհրդարանում ընդամենը 4 պատգամավոր ունի եւ մեկ այլ ուժ խորհրդարանում ունի 31 մանդատ, մինչդեռ ավագանու ընտրություններում ստացել է ընդամենը 7 տոկոս։ Սա արդեն անհերքելի փաստ է»,–ասաց Լենա Նազարյանը։

Դիտարկմանը, որ հենց այդ պատկերն է վտանգում ԲՀԿ–ի շահագրգռությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում, ՔՊ անդամ Լենա Նազարյանը պատասխանեց. «Այդ քաղաքական ուժը ի՞ր մասին է մտածում, թե՞ հանրության։ Եթե այլ քաղաքական ուժեր վտանգ են տեսնում, որ նոր ընտրություններում որեւէ ձայն չեն ստանա, դա իրենց խնդիրն է եւ, եթե նրանք պիտի մտահոգվեն իրենց տեղի համար, այլ ոչ թե հոգան հանրության խնդիրները, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչ գործ ունեն նրանք քաղաքական դաշտում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։