Կոտայքի մարզի Բջնի գյուղի մերձակա անտառում սեպտեմբերի 25-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ այրվել են հիմնականում կաղնու ծառեր:

Հրդեհը բռնկվել է Բջնիի ամառանոցներին հարող հատվածից եւ տարածվել մոտակա անտառում: NEWS.am-ի հետ զրույցում դեպքի վայրում գտնվող Բջնի համայնքի վարչական ղեկավար Արմեն Մաթեւոսյանը հայտնեց, որ հրդեհը բռնկվել է կեսօրին: Նրա խոսքով՝ ժամեր առաջ փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն քամու հետեւանքով այն կրկին տարածվել է: Նշենք, որ անտառը գտնվում է բլրի վրա, եւ հրշեջ-փրկարարական մեքենաներին չի հաջողվել հասնել այնտեղ:

«Այստեղ ոչ մի տեխնիկա չի կարող բարձրանալ, ճիպոտով, լաթով, ճյուղերով ենք հանգցնում: Շատ ուժեղ քամի է, գյուղացիների ու հրշեջների օգնությամբ փորձում ենք հանգցնել կրակը եւ թույլ չտալ, որ հասնի գիհիի ծառերին»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ տեղում աշխատում են փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի եւ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջները, կամավորներ Բջնի եւ Սոլակ համայնքներից: Մինչեւ լուսաբաց հերթապահել են անտառտնտեսության աշխատակիցները: Կրակը գիշերվա ընթացքում մարվել է: