Շվեյցարիայի իշխանությունները ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչին մերժել են կեցության թույլտվություն տալ՝ այն մտավախությունների պատճառով, որ երկրում նրա գտնվելը կարող է «վտանգ սպառնալ հանրային անվտանգությանը եւ վարկանիշային վնաս հասցնել», հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով շվեյցարական լրատվամիջոցները: 

Ինչպես պարզաբանել է Tages-Anzeiger պարբերականը, 2017 թվականի նոյեմբերին խնդրագիրը տալուց հետո երկրի միգրացիոն ծառայությունը դիմել է Շվեյցարիայի դաշնային ոստիկանությանը, որ ճշտի գերատեսչության դիրքորոշումը Աբրամովիչին կեցության թույլտվություն տալու հարցում:

Լրագրողների տեղեկություններով՝ ոստիկանության պատասխանում պնդումներ կային, որ բիզնեսմենի վերաբերյալ «փողերի լվացման եւ քրեական կառույցների հետ հնարավոր կապերի կասկածներ կան», իսկ նրա շվեյցարական ակտիվներն իբր կարող էին «մասամբ ապօրինի ծագում» ունենալ:

Աբրամովիչի իրավաբաններն այս բոլոր պնդումները կեղծ են անվանել եւ հայտարարել նրանց դատի տալու մասին, ովքեր բիզնեսմենի մասին տեղեկություններ են տարածել: Նրանց խոսքով՝ հրապարակումը կատարվել էր  Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի եւ տեղեկությունների պաշտպանության մասին օրենքների խախտումներով:

Tages-Anzeiger-ում հոդվածը հրապարակվել էր այն բանից հետո, երբ Աբրամովիչը տանուլ էր տվել շվեյցարական Tamedia մեդիահոլդինգին դատական վեճը: Բիզնեսմենը փորձել էր դատարանի միջոցով թույլ չտալ մամուլում իր մասին տեղեկությունների հրապարակումը: