Հայաստանը հավատարիմ է գիտելիքահեն եւ նորարարական հարթակների արարման իր հանձնառությանը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեր խորհրդակցությունների թեման, այն է` «Միավորված ազգերի կազմակերպությունը բոլոր մարդկանց համար. գլոբալ առաջնորդություն եւ համընդհանուր պատասխանատվություն խաղաղ, արդար եւ կայուն հասարակությունների զարգացման համար», ենթադրում է հետեւողական մոտեցում Օրակարգ-2030-ին եւ կայուն զարգացման նպատակներին: Միավորված ազգերի կազմակերպությունը եւ նրա Զարգացման օրակարգը պետք է լինեն ներդաշնակ եւ մատչելի բոլորի համար: Ոչ ոք չպետք է անտեսվի, ինչը ենթադրվում է մեր հավաքական ջանքերում:

Ավելի վաղ՝ այս տարվա հուլիսին, Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իր առաջին կամավոր ազգային զեկույցը կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Այս կարեւոր իրադարձությունը համընկավ դարակազմիկ քաղաքական զարգացումների հետ, որոնք բնորոշվում են ակտիվ ժողովրդավարական գործընթացներով եւ լայնամասշտաբ բարեփոխումներով:

Հայաստանը հավատարիմ է գիտելիքահեն եւ նորարարական հարթակների արարման իր հանձնառությանը, որը կոչված է արագացնել Զարգացման օրակարգի իրականացումը: Այս առումով, մենք ընդունում ենք ՄԱԿ-ի եւ նրա մասնագիտացված գործակալությունների անփոխարինելի դերը, ինչպես նաեւ այլ գործընկերների հետ համագործակցության կարեւորությունը: Որպես ECOSOC- ի նորընտիր անդամ եւ մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Հայաստանը կնպաստի ներառական եւ կայուն աճին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Տիկնայք եւ պարոնայք,

2018 թվականն այն տարին է, երբ կնշենք մարդու իրավունքներին առնչվող երկու կարեւորագույն փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դատապարտման մասին կոնվենցիայի 70-ամյակը: Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը եւ նրանցից յուրաքանչյուրը դարձել է միջազգային իրավունքի զարգացման համար անկյունաքար:

Նրանք մեզ համար հիմք ծառայեցին Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ համաժողովի նիստերի շարք նախաձեռնելու համար: Այս տարի այն նվիրված կլինի կրթության, մշակույթի եւ թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը: Ակնկալում եմ ձեր ներդրումն ու գործուն մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին:

Տիկնայք եւ պարոնայք,

«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նշանաբանն է, որը տեղի կունենա հոկտեմբերին 2800-ամյա մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է` աշխարհասփյուռ ֆրանկոֆոն ընտանիքին իր անդամակցությունը, մշակույթի, կրթության եւ նորարարության բնագավառներում համագործակցության միջոցով հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի ջատագով լինելը: Ես վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցության մեր հրավերը, որը ենթադրում է միեւնույն համատեքստում նախատեսված բազմաթիվ միջոցառումների անցկացում:

Շնորհակալություն»:

Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է նաեւ «Խաղաղապահ գործողություններ» թեմայով բարձր մակարդակի քննարկումներին: