Հայաստանում ստեղծվել է ոչ սահմանադրական իրավիճակ, քանի որ երկրում պարզապես չկա դասական ընկալմամբ ընդդիմություն: Սեպտեմբերի 26-ին ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա խորհրդարանական մեծամասնություն եւ խորհրդարանական ընդդիմություն, սակայն այն մտած է կառավարության կազմի մեջ: «Այսինքն՝ մեզ մոտ մաքուր ընդդիմություն, որպես այդպիսին, պարզապես չկա: Ինձ համար տրամաբանական է, եթե հանձնաժողովի փոխնախագահ չնշանակվի Հանրապետական կուսակցության պատգամավորը: Անձամբ ես առաջարկում եմ, որ այս պաշտոնին նշանակվի կամ ՀՅԴ ներկայացուցիչը, կամ «Ելք» դաշինքի»,- պարզաբանեց Պետրոսյանը:

Հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանը Պետրոսյանին դիմեց հարցով՝ այդ դեպքում խորհրդարանում ո՞ր ուժին է ներկայացնում «Ծառուկյան» խմբակցությունը՝ ընդդիմությա՞նը, թե՞ իշխանությանը: Վերջինը պատասխանեց, որ իրենք ընդդիմությանն են ներկայացնում, սակայն դրա հետ մեկտեղ ներգրավված են կառավարության գործունեության մեջ՝ կրկին շեշտելով, որ իր անձնական կարծիքով՝ Հայաստանում դասական ընդդիմություն, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին խորհրդարանը հավանություն տվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների ապօրինի գաղտնալսման քննության հատուկ հանձնաժողովի ստեղծմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների սկանդալային ձայնագրությունը: Զրուցակիցները քննարկել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործերը: Ձայնագրության իրական լինելը հաստատել են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ իրենք՝ զրույցի մասնակիցները: Զրույցի ժամանակ Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովին կալանավորելու հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ հավաստելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան: