Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 26–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Շուրջ մեկուկես ամիս առաջ նշանակված փորձաքննության եզրակացությունը պաշտպանական կողմը ստացել է երեկ։ Եզրակացությանը ծանոթացել է նաեւ «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող Մանվել Գրիգորյանը։

Փաստաբանը հայտնեց, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ Գրիգորյանը տառապում է  մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով եւ կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ՝ լուրջ հիվանդությամբ։

Մկրտչյանի կարծիքով՝ ներկայացված հիվանդություններն անհամատեղելի են իր պաշտպանյալի կալանքի հետ։

Նշենք, որ առաջիկայում վերաքննիչ քրեական դատարանում կքննվի Գրիգորյանի կալանքը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը։

Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ փորձաքննության եզրակացությունը նույնպես ներկայացնելու են վերաքննիչ դատարան։

«Հույս ունեմ  դատարանը հաշվի կառնի այդ արդյունքներն ու  Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կփոխի»,–ասաց նա։

Մկրտչյանի խոսքով՝ իր պաշտպանյալի վիճակը ՔԿՀ–ում գնալով վատթարանում է։

«Քրեակատարողական հիմնակրում հնարավոր չի կազմակերպել նրա բուժումը՝ առավել եւս վերացնել նրա կյանքին վտանգ սպառնացող հետեւանքները։ ՔԿՀ–ում ներարկումների եւ դեղորայքի միջոցով հնարավոր է միայն պահել հիվանդի  կենսունակությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20–ին դատաբժշկական փորձաքննության փորձաքննության ենթարկելու նպատակով Գրիգորյանին տեղափոխել էին  քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն: