Թուրքիայի Սեբաստիայի Գյուրունի շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին 10 օրվա ընթացքում սկսվելու է վերանորոգվել։

Թուրքական Sivashaber կայքի փոխանցմամբ՝ Սիվասի (Սեբաստիա) հուշարձանների պահպանության բաժնի տնօրեն Օնուր Յըլդաղը նշել է, թե օրեր առաջ տեղի է ունեցել եկեղեցու վերանորոգման համար տենդերը։ Նա շեշտել է, որ նախատեսվում է 3 մլն 984 հազար լիրա հատկացնել եկեղեցու վերանորոգմանը։

Օնուր Յըլդաղը ասել է, թե 10 օրվա ընթացքում սկսվելու են վերանորոգման աշխատանքները։

Նշենք, որ մինչեւ Հայոց ցեղասպանությունը Սեբաստիայի Գյուրունի շրջանը կազմված էր հայաբնակ 5 գյուղերից, որտեղ ապրում էին մոտ 15 հազար հայեր։ Շրջանում կար 7 հայկական դպրոց եւ մի շարք եկեղեցիներ։