Համոզված եմ, որ եվրոպական ընկերությունները շատ ուշադիր վերլուծում են Հայաստանում հնարավորությունները, հավատում եմ նաեւ, որ նրանք շատ խրախուսվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված տարբեր քայլերից հետո: Այս մասին Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) շրջանակներում մեկնարկած բիզնես ֆորումի ընթացքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հատկապես խոսքը վերաբերում է այն ջանքերին, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարության ապահովմանը: Այս ջանքերը Հայաստանին դարձնում են ավելի գրավիչ ներդրումների համար»,-հայտարարել է Սվիտալսկին:

Նրա խոսքով, ԵՄ-ն Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է եւ այսօր ԵՄ-ն ցանկանում է առեւտուրը ընդալայնել եւ աջակցել ՀՀ կառավարությանը՝ արտահանման եւ ներդրումների ոլորտում երկկողմ հաջողության հասնելու համար:

Սվիտալսկին ընդգծեց, որ ֆորումի ընթացքում քննարկելու են համատեղ առեւտրի հնարավորությունները, իսկ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կօգնի, որպեսզի նոր ներդրումներ իրականացվեն Հայաստանում, եւ մեծանա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրաշրջանառությունը։

«Միասին կքննարկենք, թե ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանն ավելի գրավիչ լինի ներդրումների համար, մենք բաց ենք հայ գործարարների կողմից արվող տարբեր առաջարկների համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է  ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: