ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար կարեւոր էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ–ն ապացուցեց, որ երկրորդ քաղաքական ուժն է, իսկ ստացած ձայները պատգամավորի համար շատ կամ քիչ չէին։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում։

Բագրատյանը նաեւ հորդորեց չմոռանալ, որ այլ քաղաքական ուժի չի եղել այդ ընտրություններում. «Եղել է ժողովրդի իշխանությունը՝ 80 տոկոսը, ԲՀԿ–ն էլ մոտ 7 տոկոս, այլ ուժ չի անցել, այսինքն՝ քաղաքական դաշտում այլ խաղացող չկա։ Այս պրիզմայով եթե նայենք, այդ 7 տոկոսը բան չի ասում»։

Նա նաեւ կոչ է անում գնահատել ոչ թե շատ կամ քիչ ձայներով, այլ թե ինչ սոցիալական խմբի աջակցություն է վայելում տվյալ քաղաքական ուժը. «Եթե մի քաղաքական ուժ բացառապես սպասարկեր անպաշտպան սոցիալական խմբերին, բայց ստանար 5 տոկոս Երեւանի ավագանու ընտրություններում, ինձ համար այդ 5 տոկոսը շատ բարձր արժեք կունենար»,–նշեց նա՝ հավելելով, որ կողմ է ոչ թե թվերին, այլ որակին։

Պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ ԲՀԿ–ն պետք է համեմատել ՀՅԴ–ի, ՕԵԿ–ի ու «Լույսի» դաշինքի հետ, քանի որ ՔՊ–ն իրականացնում է ժողովրդի երազանքը, զանգվածներին իր հետեւից տանում է։ «Այս պահին այն ոչ թե քաղաքական գաղափարախոսություն է ներկայացնում, այլ համազգային շարժում։ Նույն իրավիճակն էր 1991 թվականին, երբ 90 տոկոսը քվեարկում էր ՀՀՇ–ի օգտին, քանի որ շարժումն արթնացրել էր բոլորիս երազանքները»,–եզրափակեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: