ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 27.09.2018 թվականի դրությամբ Երեւան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում նախապատրաստվող 30 նյութերից 5-ը մերժվել է:

Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող թվով երկու եւ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող թվով երեք նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։