Ադրբեջանը վերջերս զորավարժություններին մասնակցած ստորաբաժանումներին մշտական տեղկայման վայրեր չի տարել: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը շարունակում է ուժերը կուտակել շփման գծի մոտ:

Դավիթ Բաբայանը նշեց, որ այս պրակտիկան կիրառվում է մի քանի տարի շարունակ, սակայն առավել վառ դրսեւորվեց 2016-ի գարնանը:

«Հիմա իրավիճակը նույնն է, զորավարժություններին մասնակցած ստորաբաժանումները չեն վերադարձվել մշտական տեղակայման վայրեր: Մենք դա տեսնում ենք եւ հաշվի ենք առնում», - ասաց Դավիթ Բաբայանը` ավելացնելով, որ հակառակորդի հաշվարկը, որ նման գործողությունները «խուճապ» կառաջացնեն, ապարդյուն է: «Պաշտպանության բանակը վստահորեն պահում է նախաձեռնությունը եւ պահպանում է Ղարաբաղի սահմանները»:

Սեպտեմբերի 17-ից սեպտեմբերի 22-ը Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեցին տարբեր տեսակի ուժերի, ինչպես նաեւ միավորումների մասնակցությամբ: Զորավարժություններին ընդգրկվել էին ավելի քան 20,000 զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկ եւ այլ զրահապատ տրանսպորտային միջոցներ, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային միավորներ, համազարկի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, կործանիչ եւ ռմբակոծիչ ավիացիայի մինչեւ 10 միավոր, տարբեր նշանակության բանակային ավիացիայի մինչեւ 20 միավոր: