Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից, ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, ասել է  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հենդիպմանը։

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նոր հարթակի ստեղծումը: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգի հարցեր:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է անել հնարավորը հասարակության համար փաստաթղթի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու համար: Ընդգծել է համաձայնագրի իրականացման հետ կապված նոր ճանապարհային քարտեզի հնարավորինս արագ ընդունումը, որը պետք է հիմնված լինի գործընկերության առաջնահերթությունների եւ 20/20 փաստաթղթերի հիման վրա: Կողմերը կարեւորել են մինչեւ 2019 թվականի մայիսին տեղի ունենալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններն ավելի մեծ թվով երկրների կողմից համաձայնագրի վավերացումը: Վերջինիս կիրարկման համատեքստում զրուցակիցները նաեւ ընդգծել են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանն նշել է, որ կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայնագրի շրջանակում: