Բելգիայի պաշտպանության նախարարությունը Google ընկերության դեմ դատական բողոք կներկայացնի, քանի որ այն հրաժարվում է Google Maps-ից «մաքրել» բելգիական բանակի կարեւոր ենթակառուցվածքները, հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Google-ի քարտեզներում հստակ երեւում են Բելգիայի ՌՕՈՒ Կլյայն-Բրոգել բազան Լիմբուրգ նահանգում եւ Ֆլորենը բելգիական Արդեններում, ատոմային էլեկտրակայանները, ինչպես նաեւ Անտվերպենի նավահանգստում նավթային օբյեկտները:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բելգիայի պաշտպանության նախարարությունը Google-ին խնդրել էր իր քարտեզներից հանել ռազմական օբյեկտների պատկերները: Քանի որ դա չի արվել, ՊՆ-ն Google-ի դեմ դատական բողոք կներկայացնի, հայտարարել է նախարարության ներկայացուցիչը: