Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծեցին փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում կարեւորվեց բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի բնույթը, որն իրապես արտացոլում է երկու բարեկամ պետությունների միջեւ հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվեց Հունաստանում եւ Հայաստանում հայկական եւ հունական համայնքների ունեցած հատուկ դերակատարությունը երկու երկրների բարեկամության առավել խորացման գործում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը եւ դիրքորոշումների համադրումը:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները եւ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի: