Եթե անգամ Հայաստանը զորամիավորումներ ուղարկի ոչ միայն Սիրիա, այլ անգամ Լուգանսկ, միևնույն է, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) նստելու է սեղանի ծայրին, բոլորից մեկուսացված՝ նաև հնարավոր պատերազմի դեպքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և տեղադրել լուսանկար Դուշանբեից, որտեղ ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին սեղանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստած է սեղանի ծայրին՝ բոլորից առանձին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ժամանակին Ֆրանսիան ողջ Եվրոպան ծանրագույն խնդրի առջեւ էր կանգնեցրել; Եվրոպայի ավանդական թագավորական ընտանիքները սարսափի մեջ էին հայտնվել, հեղափոխական Ֆրանսիան սպառնում էր իր օրինակով թատերաբեմից հեռացնել նրանց։ Եվրոպայի երորրդ դասակարգը՝ բուրժուզիան ու բյուրգերները, ողջունում էին իրենց նվաճելու համար եկած ֆրանսիական զորքերին, իսկ Բեթհովենը սիմֆոնիա էր նվիրում Նապոլեոնին։ Նապոլեոնի կերպարը դեմոնիզացիայի էր ենթարկվում ու նախկին ախոյանները միավորվել էին Նապոլեանի դեմ, բնականաբար, նրանք իրենց մորթու փրկության համար Նապոլեոնի ու հեղափոխական Ֆրանսիայի հարցը պետք է լուծեին, ու՝ լուծեցին։ Հարյուր տարով, մինչեւ առաջին աշխարհամարտը, Եվրոպայի թագավորական ընտանիքները երկարաձգեցին իրենց գոյությունը;

Բնական է, որ Հայաստանը օրինակ է Եվրասիական երկրների համար եւ այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում։ Նրանք բոլորը կոռուպցիոներներ են եւ վախենում են կորցնել ոչ միայն իշխանությունն ու ունեցվածը, այլ գուցե ավելի շատ բան։

Եթե անգամ Հայաստանը զորամիավորումներ ուղարկի ոչ միայն Սիրիա, այլ անգամ Լուգանսկ, միեւնույն է, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) նստելու է սեղանի ծայրին, բոլորից մեկուսացված՝ նաեւ հնարավոր պատերազմի դեպքում։ Անգամ աշխարքաղաքական դիրքերի կորուստը երկրորդական են գործող էլիտայի համար, իրենց մորթին իրենց համար ավելի թանկ է։ Վիճակը լրջանում է նաեւ նրանով, որ Հայաստանն այդ մարտահրավերը նետում է իր անվտանգության համակարգի տարածքում։ Դա ծայրահեղ անկանխատեսելի հետեւանքներ է կարող ունենալ։

Սակայն Հայաստանի հեղափոխությունն անընդունելի է նաեւ Արեւմուտքի համար, որտեղ նույնպես ուժգնանում են պոպուլիստական շարժումներն ընդդեմ էմիգրանտների, եվրոբյուրոկրատների եւ տրանսազգային կազմակերպությունների։ Հարավային Կովկաս այցելած Մերկելը միայն Հայաստանի հետ որեւէ պայմանագիր չկնքեց, իսկ Միացյալ Նահանգներում Նիկոլին ԱՄՆ որեւէ լուրջ պաշտոնյա չընդունեց։ Դա վերաբերմունք է։

Եթե Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում կար հասկանալի բացատրություն՝ թուլացնում են Ռուսաստանի աշխարքաղաքական դիրքերը, Հայաստանի պարագայում նման բացատրություն չկա։ Դա պայքար է հին էլիտաների դեմ, ինչը վտանգավոր է նաեւ եվրոբյուրոկրատների համար։

Նման պայմաներում պետք է հանդարտեցնել վիճակը։ ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը»: