Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 28–ին, քննարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցն ընդդեմ «Անկախ դիտորդ» ՀԿ–ի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է հարուցել վարույթ եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող օրը (լռության օր), «Անկախ դիտորդ» ՀԿ–ն ներկայացրել էր իր կողմից քարոզարշավի ընթացքում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները: Սակայն ասուլիսն ընդմիջվել էր, երբ «Մեդիա կենտրոն» էր եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր աջակիցների հետ ու տապալել ասուլիսը։

Ռուբեն Մանուկյանի պնդմամբ, լռության օրն ասուլիս կազմակերպելը հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում։

«Իրականացվել է հակաքարոզչություն լռության օրը։ Պահանջում ենք վարչական վարույթ հարուցել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,– ասաց ԲՀԿ ներկայացուցիչը։

«Անկախ դիտորդ» ՀԿ–ի անդամ, ասուլիսին մասնակցած Դանիել Իոաննիսյանը, սակայն, չհամաձայնվեց. եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, պետք է ընտրությունների քվեարկության օրն էլ որեւէ հայտարարություն չլինի։

«Նման մոտեցումն անընդունելի է, որովհետեւ հակասության հետ կմտնի Ընտրական օրենսգրքի 32–րդ հոդվածի 5–րդ մասի, ինչպես նաեւ Սահմանադրության 42–րդ հոդվածի հետ»,– ասաց Դանիել Իոաննիսյանը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Իոաննիսյանին խնդրեց հստակեցնել՝ ասուլիս հրավիրելն ու այդ հայտարարությունները քարո՞զ է, թե՞ ոչ։

«Քվեարկության նախորդ օրն ու քվեարկության օրը եղել են հարյուրավոր հրապարակային ելույթներ, որտեղ շոշափվել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումներ։ Բայց այժմ մենք քննարկում ենք միայն մեկը...»,– սկսեց Դանիել Իոաննիսյանը, սակայն, Մուկուչյանն ընդհատեց. «Բայց քվեարկության նախորդ օրը դուք եք մենակ եղել»։

ԿԸՀ նախագահը կրկին հարցրեց. «Դուք ասել եք՝ ահազանգեր են եղել, որ ստուգվել են եւ չեն հաստատվել։ Հիմա սա տեղեկատվությո՞ւն, թե՞ քարոզ»։ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ դա միանշանակ տեղեկատվություն է։

«Եթե որեւէ բան ոչ հերքվել է, ոչ հաստատվել, ինչո՞ւ եք բարձրաձայնել ու անուն եք տալիս, ինչի՞, ինքնանպատա՞կ, չեմ հասկանում։ Ինչո՞ւ եք տեսակետ ներկայացրել։ Եթե ոչ հերքվել է, ոչ հաստատվել, նշեիք առանց քաղաքական ուժի անունը տալու»,– դիտորդին դիմեց Տիգրան Մուկուչյանը։

Դանիել Իոաննիսյանը պնդեց, որ ահազանգի մասին ստանալիս դրա մասին պետք է բարձրաձայնել. «Ահազանգն արժի կիսվել հանրության հետ։ Եթե բոլոր ահազանգերը մի կուսակցության մասին են, բացառությամբ մեկի, որն այլ քաղաքական ուժի մասին էր, ներկայացնում ենք, դա օբյեկտիվ տեղեկատվություն է»։

Հարցի քննարկումը շարունակվում է։