Եթե թեկնածուն մարդ է սպանում քվեարկության նախորդ օրը եւ այդ մասին բարձրաձայնում են, հիմա դա հակաքարոզչությո՞ւն է, իհարկե, ոչ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Անկախ դիտորդի» դեմ ԲՀԿ–ի կողմից ներկայացված դիմումի քննարկման ժամանակ ասաց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Կարող է եւ քարոզչություն լինի... Վահե Էնֆիաջյանը, որ եկավ մեր ասուլիսին, ընդհատեց այն եւ միգուցե ուզել է քարոզել ԲՀԿ–ին, ուժեղ երեւալ»,– ասաց Դանիել Իոաննիսյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կատակեց. «Հիմա այդ միջոցառումը վերջին հաշվով քարո՞զ է եղել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող օրը (լռության օր), «Անկախ դիտորդ» ՀԿ–ն ներկայացրել էր իր կողմից քարոզարշավի ընթացքում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները: Սակայն ասուլիսն ընդմիջվել էր, երբ «Մեդիա կենտրոն» էր եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր աջակիցների հետ ու տապալել ասուլիսը։

ԲՀԿ–ի պնդմամբ, լռության օրն ասուլիս կազմակերպելը հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում։