ԱՊՀ գագաթնաժողովի դռնբաց եւ դռնփակ հատվածների տարբերությունն ու քննարկումների մանրամասները ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է վարչապետ Փաշինյանը։

Նա ասել է, որ առաջին անգամն էր մասնակցում ԱՊՀ գագաթնաժողովին. «Երբ առաջին անգամ հայտնվեցի ԵԱՏՄ երկրների ղեկավարների միջավայրում, նիստը 2 մաս ուներ, մի մասը դռնփակ, մյուս մասը՝ դռնբաց։ Սովորաբար դռնբաց մասից ենք պատկերացումներ կազմում։ Հեղափոխությունից հետո առաջին անգամ վարչապետի կարգավիճակով հայտնվել եմ Եվրասիական տնտեսական միության երկրների դռնփակ նիստում եւ, անկեղծ ասած, ինձ համար շոկային տեսարան բացվեց. ինչո՞ւմ էր շոկը՝ երբ տեսա այդ սեղանի շուրջ ինչ կրքոտ բանավեճ է տեղի ունենում, որը ինձ ուղղակի ցնցեց»։

Նա նկատեց, որ դռնբաց մասում բոլորը ելույթ են ունենում, բոլորը համաձայն են, մինչդեռ դռնփակ մասում աներեւակայելի բուռն քննարկումներ եւ բանավեճեր են տեղի ունենում։

«Եւ ԱՊՀ եւ ԵԱՏՄ ֆորմատները հետաքրքիր են, որովհետեւ տեղեր են, որտեղ կարելի է հարցեր բաձրացնել, քննարկել եւ փաստարկներով փորձել այդ հարցերը լուծել»,–ասաց Փաշինյանը։

Նա պատմեց, որ որպես մարդ, որը նաեւ դրսից է հետեւել, առաջարկել է, որ դռնփակ նիստերից բովանդակային լուսաբանում լինի, որպեսզի  տպավորությւոն չստեղծվի, որ դրանք «Պոլիտբյուրոյի» տիպի քննարկումներ են, այսինքն՝ քննարկում չկա։

«Դա լավ է, որ իսկապես հնարավորություն կա, որ մենք մեր երկրի ազգային եւ պետական շահերը լիարժեք հետապնդենք եւ դա չի դիտվի որպես մի արտասովոր բան»,–ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ երկրի ազգային եւ պետական շահերը պաշտպանելու լիարժեք հնարավորություն կա եւ ինքը բավարարված է այցի արդյունքներից։