Մետրոյի սակագինն, ամենայն հավանականությամբ, կբարձրանա, բայց թե կոնկրետ երբվանից եւ որքան, դեռեւս պարզ չէ։ NEWS.am-ի թղթակցի հետը զրույցում այս մասին  հայտարարեց Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրապոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը։

«Այո՛, սակագնի բարձրացման մասին լուրերը հավաստի են։ Բայց թե երբվանից եւ հատկապես որքան, դեռ հայտնի չէ։ Մետրոպոլիտենի ղեկավարությունն այս հարցերը դեռեւս չի քննարկել.ամեն բան պարզ կլինի ավելի ուշ։ Ընդ որում սակագնի բարձրացման նախաձեռնությունը պատկանում է ոչ թե մեզ, այլ պետությանը։ Պետությունն է սուբսիդավորում մեր գումարները, ինքն էլ որոշում է կայացնում սակագնի վերաբերյալ»,- տեղեկացրեց Վարդանյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ աշխարհի ոչ մի երկրում մետրոյի նման ցածր սակագին գոյություն չունի։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովում քննարկվել է 2010թ. օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն չի բացառել, որ մետրոպոլիտենի վերանորոգումից հետո ուղեւորափոխադրման սակագինը կարող է կրկնակի բարձրանալ՝ 50-ից դառնալով 100 դրամ։ Նրա խոսքով, ներկա գնաճի պայմաններում սակագնի փոփոխությունն արդարացված է: