Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատեւ առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը,  Հայաստանի ներքաղաքական զարգացումներին  եւ առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպումն այնուհետեւ շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների եւ ԱՀ ԱԺ մյուս մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության  խորհրդարանի ղեկավարը  ԱԺ անունից վերստին շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:  Աշոտ Ղուլյանը կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը թե՛ մշտական հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օրենսդրական աշխատանքների ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը:

Հայաստանի Հանրապետության ԱԺ ղեկավարը եւս կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ առկա կապերի զարգացումը եւ խորհրդարանի դերի բարձրացումը՝ երկրի բնականոն եւ անցնցում կենսագործունեության առումով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական ներկայիս իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին, երկու երկրների առողջապահական ոլորտներին, միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացման վերաբերյալ:

Խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին: