Տավուշի մարզում գտնվող Գետահովիտ 2 հին քարանձավը այս տարի էլ շարունակում է զարմացնել մասնագետներին իր գտածոներով. ընթացիկ պեղումների ժամանակ այստեղ նորից հայտնաբերվել են մեծ քանակությամբ միկրոլիտներ, կենդանիների ոսկորներից զարդեր եւ գործիքներ, բուսական մնացորդներ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հնագետ, բուսաբան Ռոման Հովսեփյանը նշեց, որ քարանձավում գտնված բուսական մնացորդները թույլ են տալիս դատել այն պատմական շրջանների բուսականության եւ կլիմայական պայմանների մասին, երբ քարանձավը բնակեցված էր: Նրա խոսքով, այս գտածոների անալիզը թույլ կտա ենթադրել, որ տարածաշրջանում բուսական աշխարհն այն ժամանակներից առանձահատուկ փոփոխությունների չի ենթարկվել:

Կարեւոր բուսական գտածոներից են վայրի խաղողի կորիզները եւ Կովկասյան փռշնին, որը հիմա էլ աճում է տարածաշրջանում: Քարանձավի հետազոտությունները ցույց են տալիս, որ այս ծառի փայտը եւ պտուղները օգտագործվել են դեռ մեր նախնիների կողմից:

Ինչ վերաբերում է խաղողի կորիզներին, ապա նախորդ արշավախմբերի ժամանակ  նրանց հայտնաբերումը փոքր դեր չի խաղացել նրանում, որ այս տարի հնագիտական պեղումները հովանավորել է Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը: Գետահովիտ քարայրի հնագիտական արշավախմբի ղեկավար, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից  Իրենա Քալանթարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Գետաովիտի երկու քարանձավները՝ Խաչաղբյուր գետի կիրճում (Աղստեւ գետի վտակ) 960 մ բարձրության վրա, հայտնաբերվել են 2010 թվականին հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի ժամանակ:

Մի քանի տարի շարունակ այստեղ իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ մարդիկ ակտիվորեն օգտագործել են քարանձավը վերին պալեոլիթի ժամանակաշրջանից մինչեւ ուշ միջնադար:

Ինչպես Իրենա Քալանթարյանը բացատրեց, Հայաստանում վերին պալեոլիթի ժամանակաշրջանի գիտական հետազոտությունը շատ կարեւոր է ֆիքսված հուշարձանների քիչ քանակի պատճառով: Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձնում ուշ նեոլիթի ժամանակաշրջանին, որի մասին տեղեկատվությունը, գրեթե բացակայում է Հայաստանում:

Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար առանցքային հնագիտական հարցերից մեկը ներկայումս «նեոլիթի բնակիչների» կենսակերպի եւ տնտեսության վերստեղծումն է:

Այս տարի արշավախմբին մասնակցում է Directorate-General for Antiquities and Museums-ից սիրիացի հնագետ Ղանեմ Ղանեմը (Ghanem Ghanem): Նա նշեց, որ հայկական արշավախմբին մասնակցությունը իր համար լավ փորձ է, հատկապես, որ այստեղ հնարավորություն կա ուսումնասիրելու հազվագյուտ պատմական ժամանակաշրջաններ: «Ես սիրեցի այդ վայրը», - ասաց նա:

Իրենա Քալանթարյանը հիշեցրեց, որ 2011 թվականին քարայրում հայտնաբերվել է միջնադարյան գերեզման, որը նավակի ձեւ ուներ՝ բաղկացած երկու մասից երկու հանգուցյալների համար: Եվ ակնհայտ է, որ հետագայում թաղման ժամանակ փոքրիկ խցիկ են   կառուցել, եւ առաջին մահացածների մնացորդները հավաքել այդտեղ. նրա ոտքերի ոսկորները դրել են ձեռքի ոսկորների վրա: Դամբարանը թվագրվում է ոչ վաղ քան 11-ի 12-րդ դարերի:

Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի ամբողջ ժամանակային ընդգրկումը. միջնադարյան շերտ, այնուհետեւ ստերիլ շերտ, էնեոլիթ, նեոլիթ, կրկին ստերիլ շերտ, եւ ներքեւում, արդեն գետնին բացվել է փոս՝ լցված օբսիդիանի միկրոլիտներով: Ռադիոկարբոնային վերլուծությունը ցույց է տվել վերին պալեոլիթի դարաշրջանը` մեր ժամանակներից (cal BP) 24-23 հազար տարի առաջ:

2016-ին հնագետները  որոշել են պեղումներ կատարել քարայրի մոտ գտնվող դարավանդի վրա, ու պարզվել է, որ միջին դարերում մարդիկ ոչ միայն բուն քարայրն էին օգտագործում, այլեւ դրա մատույցները ։ Այստեղ կար տնտեսական հոր՝ մեծ կավե կարասով (որը հետագայում վերականգնել են) ու փոքր գավաթով։ Հայտնաբերվել է նաեւ մատանի, գուցե երկաթյա, որի վրա արաբերեն փորագրություն կար։

Սակայն 2017 թվականին ֆրանսիական կողմը որոշեց կասեցնել Գետահովիտ քարայրում հետազոտությունները, եւ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը հայկական հնագետներին օգնության եկավ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի գլխավոր տնօրեն Ատոմ Եգորյանը պատմեց, որ գործարանի ղեկավարությունը շատ է հետաքրքրել այն փաստը, որ քարանձավում հայտնաբերվել են ժամանակային շերտեր, որոնք բացակայում են ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Բացի այդ նրանց հետաքրքել է վայրի խաղողի կորիզները գտնելու փաստը: Հնարավոր է հետագայում հնարավոր լինի վերականգնել Տավուշի մարզում խաղողագործության զարգացման պատմությունը՝ սկսած նախապատմական ժամանակներից:

 Տնօրենը նշեց, որ գործարանը ֆինանսավորում է մի շարք կրթական եւ գիտական ծրագրեր, քանի որ ղեկավարությունը հասկանում է, որ հայկական գիտությունը ֆինանսական դժվարություններ ունի: «Մենք ուզում ենք, որ մեր գիտնականները այստեղ աշխատեն եւ չլքեն երկիրը», - ասաց նա՝ հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի պատմական ցուցադրություն բացել գործարանի տարածքում: