Հայաստանի ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 29-ի իր որոշմամբ մերժեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ կապված «լռտության օրը» ԲՀԿ-ի նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելու հետ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել այն բանի համար, որ «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սեպտեմբերի 22–ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը (լռության օրը) ասուլիս է հրավիրել եւ հակաքարոզչություն իրականացրել՝ խախտելով օրենքը։ Իոաննիսյանը մասնավորապես հայտարարել էր, որ ԲՀԿ-ի կազմակերպած ֆլեշմոբի մասնակիցներին փող է բաժանվել, որի վերաբերյալ ինքն ունի ապացույցներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացնելով ԿԸՀ որոշումը՝ նախ նշեց, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 40.1 հոդվածի 1-ին մասի համաձայն քվեարկության եւ դրան նախորդող օրը հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով:

Նրա խոսքով, այդ դրույթը խախտելու դեպքում վարչական իրավախախտման մասին որոշում կայացնողը վարչական դատարանն է, իսկ իրավասու ընտրական հանձնաժողովը, տվյալ դեպքում ԿԸՀ-ն, իրավասու է կազմել արձանագրություն վարչական իրավախախտում կատարելու մասին եւ ներկայացնել հայցադիմում:

«Հայցադիմումում պետք է մանրամասն ներկայացվեն այն փաստերը, որոնց վրա հիմնվում է այցապահանջը: Այսինքն ԿԸՀ-ն պետք է իրականացնի փաստական հանգամանքների գնահատում, իր դիրքորոշումը հիմնավորող փաստարկների պարզում, ինչը հնարավորություն կտա հայցադիմում ներկայացնել վարչական դատարան: Դրանով էր պայմանավորված ԿԸՀ-ում վարչական լսումների իրականացումը:

Լսումների ժամանակ պարզ դարձավ կողմերի տարբեր դիրքորոշումները նախընտրական քարոզչության սահմանների վերաբերյալ: Անհրաժեշտ եղավ հստակ սահմանագիծ գծել քարոզչության եւ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ «լռության օրը» ասուլիսի ժամանակ հնչեցվել էր քաղաքական ուժի անվանումը, ներկայացվել էին որոշակի հանգամանքներ, սակայն չէին հնչեցվել տվյալ ուժին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր:

«Ըստ դիմումատուի տեղի էր ունեցել քարոզչություն ԲՀԿ-ի դեմ, իսկ ըստ Դանիել Իոաննիսյանի նշվածը եղել է բացառապես տեղեկատվության տրամադրում:

Միջազգային չափանիշներից ելնելով այն սկզբունքը, ըստ որի նախընտրական քարոզարշավը պետք է լինի ազնիվ եւ արդար, չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ բացառվի խոսքի ազատության եւ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը:

ԿԸՀ-ն գտնում է, որ թեկնածուների անունների հնչեցմամբ կամ նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվության տրամադրումը որպես նրանց օգտին կողմ կամ դեմ քարոզչության իրականացման միանշանակ ընկալում չունի: Նշվածը պայմանավորված է նախընտրական քարոզչության եզրույթի ոչ լիակատար օրենսդրական սահմանման, որն էլ հանգեցրել է թույլատրելի եւ անթույլատրելի իրավական վարքագծերիի սահմանագծերի ոչ միանշանակության: ՀՀ

Սահմանադրության 70 հոդվածի համաձայն, Ընտրական օրենսգրքի կարգավորումներում հստակ սահմանված չեն գործողությունները, որոնց կատարումը կարող է որակվել որպես նախընտրական քարոզչություն: Ավելին, ԿԸՀ-ն փաստում է, որ Ընտրական օրենսգրքում բավարար հստակությամբ սահմանված չեն այն սկզբունքները, որոնց կիրառումով հնարավոր կլիներ բավարար հստակությամբ որոշել նախընտրական քարոզչության եւ տեղեկատվության տրամադրման սահմանները:

Քանի որ այս դեպքում անհնար է ձեւավորել միատեսակ մոտեցում եւ գնահատական, որ Իոաննիսյանի խոսքը քարոզչություն է, թե տեղեկատվության տրամադրում, ԿԸՀ-ն գտնում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան Վարչական դատարան հայցադիմում ներկայացվել չի կարող:

ԿԸՀ-ն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նման պայմաններում դիմումատուն ունի նաեւ հայցադիմում ներկայացնելու իրավունք անկախ ԿԸՀ-ի կողմից համապատասխան արձանագրություն կազմված լինել-չլինելու, գտնում է, որ նշված իրավական որոշմամբ պայմանավորված չի ոտնահարվում դիմումատուի արդար դատաքննության իրավունքը»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը: