Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապօրինի որոշում կայացրեց։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյան՝ անդրադառնալով ԿՀԸ-ի կողմից իրենց դիմումի մերժելու որոշմանը:

Նա ընդգծեց, որ ըստ ԿԸՀ որոշման, ստացվում է, որ լռության օրը, դիտորդը ցանկացած բան կարող է հայտարարել ու դա չհամարվի հակաքարոզչություն: Այդուհանդերց, Մանուկյանը դժվարացավ ասել՝ Վարչական դատարան դիմելու են, թե ոչ. «Կմտածենք, իրավաբանների հետ կորոշենք ու կասենք։ Գումար բաժանելու մասին հայտարարութունները բացասական է անդրադարձել ԲՀԿ-ի վարկանիշի վրա, եւ կարեւոր չէ, որ դրանից հետո կարող է բացահայտվել՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ, այսինքն՝ դա ապատեղեկատվություն է, որն ուղղված էր մեր դեմ, դա հակաքարոզչություն էր»,- ասաց նա։

ԲՀԿ ներկայացուցիչ Դավիթ Ոսկանյանն իր հերթին հայտարարեց, որ մամուլի ասուլիսի ժամանակ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան հրապարկել է չճշտված տեղեկատվություն. «Նրանք ԲՀԿ-ի անունը տալով, ներկայացրել են մի իրավիճակ,  թե գումարներ են բաժանվում, բայց ներկայացրել են տարբեր տեղերից եկած ու չճշտված տվյալներ: Այստեղ ես միտումնավորություն եմ տեսնում, քանի որ որեւէ բան դիտորդին չէր խանգարում այդ հայտարարություն անել ընտրություններից հետո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 29-ի իր որոշմամբ մերժել է ԲՀԿ լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանի:

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով վարույթ հարուցել այն բանի համար, որ «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սեպտեմբերի 22–ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը (լռության օրը) ասուլիս է հրավիրել եւ հակաքարոզչություն իրականացրել՝ խախտելով օրենքը։ Իոաննիսյանը մասնավորապես հայտարարել էր, որ ԲՀԿ-ի կազմակերպած ֆլեշմոբի մասնակիցներին փող է բաժանվել, որի վերաբերյալ ինքն ունի ապացույցներ: Ավելի ուշ, ընտրություններից հետո, նա նաեւ ասվածն ապացուցող ձայնագրություն է հրապարակել:

ԿԸՀ-ն մերժեց ԲՀԿ-ի ներկայացուցչի դիմումը՝ կապված «լռության օրը» հակաքարոզչություն իրականացնելու հետ