ԿԸՀ-ն փաստեց, որ Ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված չէ քարոզչություն եզրույթը, դա նաեւ դաս է, որ Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունների ժամանակ նաեւ էդտեղ հստակություն մտցվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի դիմումի մերժմանը։

«Ես մի քիչ զարմացած եմ, որ ԲՀԿ-ն նախընտրեց դիմում ներկայացնել ԿԸՀ, ոչ թե ուղիղ գնալ դատարան, որի իրավունքը ուներ եւ դա ավելի էֆեկտիվ պաշտպանության մեխանիզմ է: Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարում էր, որ դատարան են գնալու եւ մի քիչ զարմացած ենք, որ գնացին այս մեթոդին: Ես շարունակում եմ պնդել, որ որեւէ քարոզչության կամ հակաքարոզչության նպատակ չի եղել , հնչել են նաեւ այլ անուններ: Արդեն հրապարակվել է ձայնագրությունը, բոլորը կարող են ծանոթանալ եւ գնահատել, թե որքանով էր մեր ներկայացրած փաստերն իրական»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ երբ բացահայտեցել են փաստը, անմիջապես հրապարակել են. «Սա է դիտորդական աշխատանքի մոտիվը՝ մենք տեսնում ենք խնդիրը, մենք դա բարձրաձայնում ենք։ ԸՕ 32-րդ հոդվածը մեզ հնարավորություն է տալիս, այդ թվում լրատվամիջոցների միջոցով, հայտարարել մեր բացահայտումների մասին»։

Հարցին, թե եթե այդ ձայնագրությունը փոխանցվել է ոստիկանությանը, կա՞ արդեն իրավական հետեւանք, Իոաննիսյանն արձագանքեց, որ իրավաբաններն ասում են, որ այդ ձայնագրության մեջ չկա հանցակազմ, այսինքն քրգործ չի հարուցվի, բայց  իրավախախտումներ կան: Մասնավորապես, եթե ԲՀԿ-ն ֆլեշմոբի մասնակիցներն փող է բաժանել, ապա դա պետք է երեւա եւ դրանից առվազն հարկեր վճարվեն:

Իոաննիսյանը նշեց, որ ոչ մի դեպքում իրենց արածը հակաքարոզչություն չի կարող դիտվել: Հարցին, թե արդյոք իր հայտարարությունը չէր կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, նա պատասխանեց, որ կարող է եւ ազդած լինել: Իոաննիսյանը տեսական օրինակ բերեց, որ կարող է ասենք որեւէ թեկնածու ընտրության նախորդ օրը մարդ սպանել եւ իրենք բարձրաձայնեն դրա մասին. «Իհարկե, շատերը, որոնք որոշել էին ընտրել այդ թեկնածուին, կարող է չընտրեն, այսինքն ազզդեց ընտրության արդյունքի վրա, բայց արդյոք դա նշանակում է, որ մենք չպետք է բարձրաձայնենք դրա մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 29-ի իր որոշմամբ մերժել է ԲՀԿ լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանի:

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով վարույթ հարուցել այն բանի համար, որ «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սեպտեմբերի 22–ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը (լռության օրը) ասուլիս է հրավիրել եւ հակաքարոզչություն իրականացրել՝ խախտելով օրենքը։ Իոաննիսյանը մասնավորապես հայտարարել էր, որ ԲՀԿ-ի կազմակերպած ֆլեշմոբի մասնակիցներին փող է բաժանվել, որի վերաբերյալ ինքն ունի ապացույցներ: Ավելի ուշ, ընտրություններից հետո, նա նաեւ ասվածն ապացուցող ձայնագրություն է հրապարակել:

ԿԸՀ-ն մերժեց ԲՀԿ-ի ներկայացուցչի դիմումը՝ կապված «լռության օրը» հակաքարոզչություն իրականացնելու հետ