Երեւանի ավագանու բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները բաժին կհասնեն «Իմ քայլը» դաշինքին:

Նշենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի, Երեւանի ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման եւ նախապատրաստման, ինչպես նաեւ ավագանու անունից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով:

Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների արդյունքների 65 հոգանոց ավագանու 57 մանդատները բաժին են հասնում «Իմ քայլը» դաշինքին, 5 մանդատ կստանա ԲՀԿ-ն, եւս 3 մանդատ կստանա «Լույս» դաշինքը:

Ավագանու 4 մշտական հանձնաժողովների եւ քարտուղարների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխվում են Դոնթի բանաձեւով, ըստ որի բոլոր տեղերը բաժին են հասնում «Իմ քայլը» դաշինքին, որը ստացել է ավագանու տեղերի շուրջ 87 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ նախորդ ավագանու կազմում ՀՀԿ խմբակցությունն ուներ 65 մանդատներից 46-ը: «Ելք» դաշինքն ուներ 14 մանդատ, իսկ «Երկիր ծիրանին.՝ 5 մանդատ:

Նույն Դոնթի բանաձեւով նախորդ ավագանու հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների 8 տեղերից 6-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, իսկ երկուսը՝ «Ելք»-ին: