Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին, քանի որ չկային տեսախցիկները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«2017 թվականի ընտրություններում եղել են տեսախցիկներ, օնլայն հեռարձակում, բազմաթիվ խախտումներ՝ սկսած ծեծկռտուքներից, արձանագրվել են այդ տեսախցիկների շնորհիվ: Երեւանի ընտրությունների ժամանակ դրանք չկային»,-ասաց նա՝ հավելելով, որ լուրջ չի համորւմ փաստարկները, թե այդ տեսախցիկները բաժանվել են տարբեր գերատեսչությունների միջեւ եւ հիմա դժվար կլիներ դրանք հետ վերցնելը: Նա վստահություն հայտնեց, որ դրանք հիմնականում ՊՆ-ի հաշվեկշռում են եւ հսկում են սահմանները, կարող էին կրկին բերել տեղամասեր:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը. «Գնալ բանակցությունների՝ բացառելով արդյունքը, նշանակում է զբաղվել հասարակության եւ սեփական քաղաքական թիմի ժամավաճառությամբ եւ մոլորությամբ: Ես չեմ բացառում, որ այդ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում կողմերը կգան ընդհանուր հայտարարի: Թե այդ հայտարարը որտեղ կլինի, ինչպիսին կլինի ժամանակային առումով, բովանդակային առումով, կախված է կողմերից: Բայց երբ գալիս են բանակցելու, պետք է պատրաստ լինեն նաեւ փոխզիջումների, երկու կողմն էլ»: