ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են հումանիտար օգնությանն ու քաղաքացիական ավիացիային: ՄԱԿ Միջազգային դատարանն այսպիսի նախանական որոշում է կայացրել Վաշինգթոնի դեմ Թեհրանի հայցով, հայտնում է IRNA-ն: 

«Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակող միջոցները չպետք է վերաբերեն հումանիտար օգնությանը (պարեն եւ դեղորայք), ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի պահեստամասերի մատակարարմանը»,- Հաագայում դատաքննության ժամանակ ասել է դատավորը:

Հուլիսի 17-ին Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց էր ներկայացրել ՄԱԿ Միջազգային դատարան՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները խախտել են եւ շարունակում են խախտել Բարեկամության, տնտեսական հարաբերությունների եւ հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի մի շարք դրույթներ, որը երկու երկրները ստորագրել են 1955 թվականին:

ԱՄՆ իրավաբանները պնդել են, որ ՄԱԿ  դատարանը վեճում չպետք է իրավազորություն ունենա, պայմանագիրն այլեւս անվավեր է, եւ Թեհրանի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցները ամեն դեպքում այն չեն խախտում: Սակայն ՄԱԿ ՄԻջազգային դատարանը հերքել է նման պնդումը: